|
Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրի մեկնարկ26.01.2012 Ս/թ. հունվարի 25-ին Գորիսում` Միրհավ հյուրանոցում, տեղի ունեցավ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 10 գործընկեր համայնքներում. Արծվանիկ, Աշոտավան, Սպանդարյան, Խնձորեսկ, Շինուհայր, Հալիձոր, Քարահունջ, Բարձրունի, Գետափ և Գոմք: Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկային հանդիպումը կազմակերպվել է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: Ծրագրի նպատակն է` համայնքներում աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների և համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով սերտ համագործակցություն համայնքային աշխատանքային խմբերի, հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի ու մասնավոր հատվածի միջև: Ծրագրի մեկնարկային հանդիպմանը մասնակցել են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի վերոնշյալ համայնքների ղեկավարները, հաշվապահներն ու համայնքային ակտիվ խմբերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր ծրագրի համար Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակը հատկացրել է 1.7 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքների կողմից կատարվում է դրամաշնորհային գումարի առնվազն 25 տոկոսի ներդրում: Նախատեսված է ծրագրերն իրականացնել 2012 թվականի հունվար – հուլիս ամիսներին: Նախաձեռնությունների իրականացումը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում համակարգվում է ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: Դրամաշնորհային ծրագրերը ներառում են համայնքներում համայնքային կենտրոնի, նախակրթարանի պայմանների բարելավում, երեխաների խաղահրապարակի կառուցում, փողոցային լուսավորության անցկացում, երիտասարդական և համակարգչային կենտրոնների ստեղծում, բնապահպանական, աղբահանության նախաձեռնությունների իրականացում, տարեցների կենտրոնի ստեղծում, ինչպես նաև համայնքային տարատեսակ միջոցառումների կազմակերպում, որոնցում կներգրավվեն բնակչության տարբեր խմբեր, մասնավորապես` երիտասարդներ, կանայք և տարեցներ: Հանդիպման ավարտին վերոնշյալ համայնքների ղեկավարներին հանձնվեցին Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» Բաղադրիչ 1-ի և 3-ի տնօրեն Արթուր Դրամփյանի և ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի և համայնքապետերի կողմից ստորագրված եռակողմ պայմանագրերը: |